Իրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից․ Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցությունների և դիվանագիտության ճանապարհից` չնայած այն բանին, որ իր նկատմամբ սահմանվել են բազմաթիվ պատժամիջոցներ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանի ներկայիս կառավարության աշխատանքի շեշտը հենց սկզբից դրվել է դինամիկ դիվանագիտության վրա՝ առավելագույն ազգային շահեր ստանալու և Իրանի մեծ ժողովրդի իրավունքները վերականգնելու համար: Նրա խոսքով՝ այս հարցով ջանքերը շարունակվում են՝ վերջնական արդյունքի հասնելու և Իրանի իրավունքները լիարժեք իրացնելու ուղղությամբ։
Օգոստոս 10-ի երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ մեկնարկել է Հարավային Կորեայում արգելափակված մի քանի միլիարդ դոլար արժեքի իրանական ակտիվների ապասառեցման գործընթացը։ Պաշտոնական Թեհրանը հայտնել է, որ կալանքից ազատված ֆինանսական ակտիվների ու ռեսուրսների շահագործման եղանակն ու ձևը որոշելու հարցը գտնվելու է Իրանի Իսլամական Հանրապետության տրամադրության տակ։
Փորձագետներն այս համաձայնությունը համարում են մեծ հաղթանակ Իրանի համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն