Submitted by D.Guyumjyan on
DETQ

 Իրանի ԱԳ նախարարը բացառում է միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագիրը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը երբեք չի եղել Թեհրանի օրակարգում: Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է Լրագրողների ազգային օրվա կապակցությամբ վերջիններիս հետ կայացած հանդիպմանը։

Աբդոլլահիանը շեշտել է, որ դիվանագիտության ճանապարհին ամիսներ շարունակ Իրանը բանակցություններ է վարում և անուղղակի ուղերձներ է փոխանակում ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով՝ այս բանակցությունների շրջանակում Թեհրանը բացառում է միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի ստորագրումը։

Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս տեղի ունեցած բանտարկյալների փոխանակումը և Հարավային Կորեայում Իրանի արգելափակված ակտիվների ազատումը: «Մենք երբեք չենք շեղվել դիվանագիտության ու բանակցային ճանապարհից, և վարչակազմի պաշտոնավարման հենց սկզբից նախագահի որոշումն էր դիվանագիտական ​​ճանապարհով քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ»,- հայտնել է նա։ 

Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ բանտարկյալների փոխանակումը լիովին հումանիտար խնդիր է, և այս հարցը որևէ կապ չունի արտասահմանյան բանկերում իրանական ակտիվներն ապասառեցնելու հետ։ 

#Դետքի_հետագծով

Իրանը ձգտում է վերականգնել 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը, որից ԱՄՆ-ն 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք, միակողմանիորեն դուրս եկավ։ Միևնույն ժամանակ Թեհրանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ում քաղաքական փոփոխությունների դեպքում Վաշինգտոնը հավատարիմ կմնա գործարքին։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն