Submitted by D.Guyumjyan on
DETQ

Կիևը հայտնել է Բախմուտի ուղղությամբ 3 քառակուսի կմ տարածք գրավելու մասին

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Բախմուտի ուղղությամբ 3 քառակուսի կմ տարածք են ազատագրել։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Украинская правда» լրատվական գործակալությունը։ 

Մալյարը շեշտել է, որ Բախմուտի ուղղության հարավային թևում ընդհանուր 40 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրվել։ Նրա  խոսքով՝ ռուսական ուժերն իրենց հերթին փորձել են վերականգնել Կլեշչեևկայից, Անդրեևկայից և Կուրդյումովկայից արևմուտք ընկած հատվածներում կորցրած դիրքերը։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն ասել է, որ ուկրաինական ուժերը հաջողություններ են գրանցել Ուրոժանիում՝ հարավային ճակատում, և հարձակում են իրականացնում Մելիտոպոլի ու Բերդյանի շրջաններում: Մալյարի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը որոշակի հաջողություններ են ունեցել Ստարոմայորսկոգոյի հարավում և հարավ-արևելքում։

Փոխնախարարը նաև հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները հաջողությամբ կատարել են Խերսոնի շրջանի Դնեպրի ձախ ափի ուղղությամբ տրված առաջադրանքը։

«Այնտեղ որոշակի խնդիրներ են իրականացվել որոշակի ստորաբաժանումների կողմից, և այդ խնդիրները կատարվել են։ Այնտեղ ոտք դնելու համար անհրաժեշտ է տեղահանել թշնամուն և մաքրել տարածքը»,- եզրափակել է պաշտոնյան։

#Դետքի_հետագծով

Չնայած ուկրաինացի պաշտոնյաները երկար ժամանակ հայտնում էին հակահարձակում իրականացնելու մասին, այնուամենայնիվ ուկրաինական ուժերին չի հաջողվել այդ հակահարձակման ընթացքում նշանակալի հաջողություններ արձանագրել։ Ինչ վերաբերում է Բախմուտի ուղղությամբ առաջխաղացմանը, ապա սա ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է, որը ռուսական ուժերին հաջողվեց գրավել ամիսներ տևած կատաղի պայքարի արդյունքում, իսկ այժմ ուկրաինացիները ձգտում են ամեն գնով վերականգնել վերահսկողությունը։



 

Ավելացնել նոր մեկնաբանություն