Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը պատրաստ է արտահանել իր ռազմական պաշտպանական արտադրանքը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է արտահանել իր ռազմական արտադրանքը՝ հարգելով այլ երկրների ինքնիշխանությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Նասիրզադեն շեշտել է, որ արտահանելուց առաջ Թեհրանը պետք է համոզվի, որ այդ ապրանքները ճգնաժամ չեն ստեղծում որևէ ազգի համար: «Աշխարհն ականատես է լինում նոր հանգամանքների, որտեղ միաբևեռ համակարգն անկում է ապրում, և բազմաբևեռ համակարգ է առաջանում»,- ասել է նա։

Իրանի ԳՇ պետի տեղակալի խոսքով՝ Մոսկվայի անվտանգության համաժողովն օգնում է երկրներին կարծիքներ փոխանակել աշխարհում անվտանգություն հաստատելու համար։ Նրա համոզմամբ՝ այս համաժողովում անկախ երկրները կարող են մտքեր փոխանակել՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ճգնաժամային ու անապահովության փորձերին դիմակայելու համար։

Անդրադառնալով Ռուսաստանում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին` Ազիզ Նասիրզադեն ասել է. «Մեր երկրի պաշտպանության նախարարությունն այս ցուցահանդեսում կցուցադրի շատ կարևոր ապրանքներ: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մենք շատ ասելիք ունենք»։

Նա հայտարարել է, որ Իրանը ռազմավարական համագործակցություն ունի Ռուսաստանի հետ, ինչը, պաշտոնյայի համոզմամբ, կարող է օգնել աշխարհի տարբեր ծայրերում անվտանգության հաստատմանը։

#Դետքի_հետագծով

Իրանը և Ռուսաստանը վերջին տարիներին խորացնում են ռազմական փոխգործակցությունը, ինչը բխում է երկու երկրների շահերից։ Ռուս-իրանական փոխգործակցության ամրապնդմանը նպաստեց հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմը, որն այս երկրներին էլ ավելի մերձեցրեց։



 

Ավելացնել նոր մեկնաբանություն