Submitted by H.Andreasyan on
Կյանք ու կռիվ տեսած կինը՝ Մետրոպոլիտենի «Սոսե Մայրիկը»

Կյանք ու կռիվ տեսած կինը՝ Մետրոպոլիտենի «Սոսե Մայրիկը»

Երևանի Մետրոպոլիտենը ներկայացնում է Ռոզա Թովմասյանի կյանքի պատմությունը, որը Երևանի մետրոպոլիտենում աշխատում է շուրջ 31 տարի։

Նա Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի հերթապահն է։

Նուրբ ու կանոնավոր դիմագծերով դեմքի վրա առաջինը, որ աչքի են զարնում, տիկին Ռոզայի կապտականաչ ու խորաթափանց աչքերն են։ Ինչքա՜ն թախիծ կա այդ աչքերի խորքում, ու ինչքա՜ն սպասում դրանց ետևում...

Հայ կնոջ ավանդական նուրբ ու հեզ կերպարը պատմական բազմաթիվ դրվագներում զուգակցվել է հայ կնոջ մեկ այլ՝ խիզախ և քաջ կերպարի հետ։ Ստացվում է, որ որոշ իրավիճակներ և իրադարձություններ կարող են կնոջը դրդել հրաժարվելու կանացիության և նրբության դոգմաներից, կոտրելու կարծրատիպերը և դեմ գնալու ընդունված նորմերին։

Տիկին Ռոզան իր շրջապատին ապացուցել է, որ կարելի է լինել նուրբ, բայց միևնույն ժամանակ ուժեղ կին։

Նա մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին և Ապրիլյան քառօրյա պատերազմին։

Մեղմ ժպիտով ու թավշյա ձայնով տիկին Ռոզան ասում է՝ պատերազմը կնոջ դեմք չունի, բայց առանց կնոջ դժվար է թե՛ ռազմի դաշտում, թե՛ թիկունքում: Պատերազմում կնոջ ներկայությունը կարևոր է, բայց ամենից առաջ կարևոր է մարդ ու հայ լինելը: Հայրենիքը միայն տղամարդունը չէ. կանայք էլ են օգտվում հայրենիքի բարիքներից, ուրեմն մենք էլ պետք է պաշտպանենք մեր հայրենի հողն ու ջուրը։

44-օրյա պատերազմին չի մասնակցել, ռազմի դաշտ որդուն է ուղարկել ՝ աղոթելով ու սպասելով բոլոր զինվորների վերադարձին։

Որդին ծանր վիրավորում է ստացել մարտի դաշտում, այնուհետ 7 անգամ վիրահատվել։

Այժմ կյանք ու կռիվ տեսած կնոջ երազանքը խաղաղությունն է և որդու ոտքի կանգնելն ու հաստատուն քայլեր կատարելը։

Համեստ հպարտությամբ տիկին Ռոզան ասում է` հասկացել է, որ ռազմի դաշտից հետո իրեն և հաշմանդամություն ունեցող որդուն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր:

Տիկին Ռոզան քչախոս է, չի սիրում իր անցած ճանապարհի մասին խոսել ու պատմել։ Մետրոպոլիտենի երկարամյա աշխատակիցները միայն կփաստեն, որ Ռոզան տանն է կին, աշխատավայրում լավ ու վստահելի գործընկեր է, զորամասումˋ զինվորի մայր, կռվի ժամանակˋ գթության քույր, վիրավորի մոտˋ ծնող, որն ամեն գնով փորձում է փրկել վիրավորի կյանքը, զոհի դիմացˋ մարդ, որը հարազատից շուտ է ցավ ապրում ու արցունք թափում նրա համար...

Ավելացնել նոր մեկնաբանություն