Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և ակտիվների ապասառեցման ժամկետների մասին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և Իրանի ֆինանսական ակտիվների ապասառեցման վերաբերյալ համաձայնությունները կյանքի կկոչվեն երկու ամսվա ընթացքում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին շեշտել է՝ համաձայնագրերը կնքվել են այն հաշվարկով, որ դրանք իրականացվեն երկու ամսվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Թեհրանը լավատեսորեն է վերաբերում դրանց` ժամանակին իրականացման հեռանկարներին, քանի որ իր ունեցած տեղեկություններով՝ «այդ ուղղությամբ աշխատանքը լավ է ընթանում»:
Իրանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ բացի Կորեայի Հանրապետությունում սառեցված ակտիվներից` Իրանը ֆինանսական պահուստներ ունի հարևան Իրաքում։ Նա ասել է, որ այդ ակտիվների փոխանցման գործընթացը սկսվել է, և դրանց մի մասն արդեն դուրս է բերվել Իրաքի սահմաններից։
Վերջինս միևնույն ժամանակ մանրամասներ չի հայտնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման առաջիկա գործընթացի մասին։
#Դետքի_հետագծով
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների արդյունքում վերջերս պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կապված իրանական արգելափակված ակտիվների ապասառեցման և գերիների փոխանակման հետ։ Այս միջոցները կարևոր նշանակություն ունեն Իրանի համար, որոնք երկիրը կարող է օգտագործել առկա տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։
Ավելացնել նոր մեկնաբանություն