Իրանի նախագահը հայտնել է՝ թշնամիները զայրացած են հակաիրանական անարդյունավետ պատժամիջոցներից
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները չկարողացան կանգնեցնել Իրանի առաջընթացը, իսկ երկրի թշնամիները զայրացած են, որ պատժամիջոցներն անարդյունավետ են եղել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Իրաքում և Հարավային Կորեայում երկրի սառեցված միջոցների ազատման վերջին գործընթացին՝ Ռայիսին ասել է, որ իր գլխավորած կառավարությունը երկրի տնտեսությունը չի կապում միջուկային գործարքի վերականգնման շուրջ ընթացող բանակցությունների հետ։ Նա ասել է, որ երկրի կառավարությունը շարունակելու է զարգացնել տնտեսությունը։
Ռայիսիի համոզմամբ՝ Իրանի թշնամիների ճնշումներն ու թշնամանքը պայմանավորված են նրանով, որ երկիրն առաջընթաց է ապրում՝ չնայած նրանց կողմից գործադրվող բոլոր ճնշումներին։ Նա նշել է՝ թշնամիներն այժմ գիտեն, որ պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել Իրանի առաջընթացը։
Իրանի նախագահը հավելել է, որ երկրի կառավարությունն առաջնահերթություն է տալիս տնտեսական խնդիրների լուծմանը, միաժամանակ կարևորում է մշակութային, ինչպես նաև տնտեսական և քաղաքական խնդիրները։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից սահմանվել են բազմաթիվ պատժամիջոցներ, որոնք խոչընդոտում են երկրի տնտեսական զարգացումը։ Չնայած այս ամենին` Իրանի իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում՝ հիշյալ պատժամիջոցների հետևանքները մեղմելու, իսկ հնարավորության դեպքում առհասարակ վերացնելու ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն