Հաքան Ֆիդանը կոչ է արել Իրաքին PKK-ն պաշտոնապես ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Իրաքին պաշտոնապես ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)՝ որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին նա հայտարարել է իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ Բաղդադում կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ընդհանուր թշնամին՝ ահաբեկչական PKK-ն, թունավորի մեր հարաբերությունները։ Չի կարելի անտարբեր մնալ նրա կողմից իրաքյան ինքնիշխանությանը սպառնացող վտանգի նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ Իրաքը պաշտոնապես կճանաչի PKK-ն՝ որպես ահաբեկչական կազմակերպություն՝ բարեկամության և եղբայրության սկզբունքներին համապատասխան»,- ասել է Ֆիդանը:
Նա նշել է, որ PKK-ն օկուպացրել է իրաքյան Սինջար, Քանդիլ շրջանները և իրաքյան մի քանի գյուղ։ Ֆիդանի խոսքով՝ այս կազմակերպությունն «անտեսում է Իրաքի ու Սիրիայի սահմանը» և «ձգտում է ահաբեկչական միջանցք ստեղծել՝ միավորելով երկու շրջաններն» այս երկրների հյուսիսում։
Ավելացնել նոր մեկնաբանություն