Submitted by D.Guyumjyan on
DETQ

Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է․ ԱՄՆ-ն պետք է խոսի և գործի․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն այդ երկրի իշխանություններին հորդորել է վերջ դնել Արցախի հայ բնակչության շրջափակմանը և կանխել հայերի հերթական ցեղասպանությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Շիֆը գրառում է կատարել X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում։

Ադամ Շիֆը հայտնել է, որ սնունդը, դեղորայքն ու այլ անհրաժեշտ պարագաները չեն հասնում Արցախի 120 հազար բնակչությանը, ինչի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։

«Այս պահին Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ բնակիչ շրջափակման մեջ է: Կա ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, և Ադրբեջանը փակել է այս տարածաշրջան ելքն ու մուտքը: Արդյունքում ստեղծվել է հումանիտար սուր ճգնաժամ: Սա պետք է շտապ հասցեագրվի»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որին, սակայն, ոչինչ չի հետևել:

«Հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ տալ միջազգային իրավունքի այս խախտմանը: Այնտեղ գտնվող մարդկանց համար անհրաժեշտ են սննդի և դեղորայքի մատակարարումներ, այդ մարդկանց հարկավոր է ազատ տեղաշարժի հնարավորություն, և ԱՄՆ կառավարությունը, նախագահ Բայդենի վարչակազմը շատ բան պետք է անեն այդ ուղղությամբ»,- շեշտել է նա:

Վերջինս հերթական անգամ շեշտել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է Ադրբեջանին զրկի ռազմական օգնությունից և չպետք է որևէ գումար տրամադրի:

«Ես խորապես մտահոգված եմ, որ ևս մի ցեղասպանություն է պատրաստվում հայ ժողովրդի դեմ: ԱՄՆ վարչակազմը պետք է գործի»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով
 

Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը հայ ժողովրդի մեծ բարեկամն է, մշտապես առարկայական գնահատականներ է հնչեցնում Ադրբեջանի կողմից կատարվող ապօրինությունների վերաբերյալ և դատապարտում է դրանք։ Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ հստակ քայլեր և պատժամիջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջինս դադարեցնի Արցախի շրջափակումը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է օրեցօր ահագնացող հումանիտար աղետի շեմին։

Ավելացնել նոր մեկնաբանություն