Իրանը չի բացառում իր պաշտպանական տեխնիկան այլ երկրներ արտահանելու հնարավորությունը
Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալիռեզա Սաբահի-Ֆարդը հայտարարել է, որ երկիրը զգալի առաջընթաց է գրանցել անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Ալիռեզա Սաբահի-Ֆարդն ընդգծել է, որ Իրանն այժմ կարող է իր տեղական արտադրության պաշտպանական սարքավորումներն արտահանել այլ երկրներ։ «Այսօր մենք հասել ենք այնպիսի հնարավորությունների, որ կարող ենք մեր պաշտպանական արտադրանքի մի մասն արտահանել այլ երկրներ՝ ըստ մեր ցանկության»,- ասել է նա։
Վերջինս նշել է, որ Իրանը հակաօդային պաշտպանության առումով գերիշխող տերություն է տարածաշրջանում։ Իրանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկիրն օժտված է լավագույն և առավել կատարելագործված պաշտպանական տեխնիկայով։
Ալիռեզա Սաբահի-Ֆարդը շեշտել է, որ Իրանը հաջողություններ ունի նաև ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում մշակել են նախաձեռնություններ, որոնց մասին թշնամին ոչինչ չգիտի։
Իրանցի գեներալը հավելել է, որ ներկայումս հրապարակվել է միայն Իրանի ռազմական հնարավորությունների սահմանափակ մասը, որն արդեն հարվածել է թշնամուն։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Թեհրանը միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնում իր արտադրած սպառազինությունը մատակարարել բարեկամական երկրներին, և այս հարցում միակ նախապայմանն այն է, որ հիշյալ սպառազինությունը չհայտնվի իր թշնամիների ձեռքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն