ՀԱՊԿ-ն Իրանին որպես դիտորդ է հրավիրել զորավարժություններին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն Իրանի Իսլամական Հանրապետությանը հրավիրել է մասնակցելու Բելառուսում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
Հաղորդվում է, որ Իրանը զորավարժություններին հրավիրվել է դիտորդի կարգավիճակով։ Բացի Իրանից՝ ՀԱՊԿ-ը հրավիրել է Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչների։
«Բելառուսի Հանրապետությունում անցկացվող զորավարժություններին որպես դիտորդ հրավիրվել են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության, Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ»,- ասել է Սիդորովը ճեպազրույցի ժամանակ։
Վերջինս հավելել է, որ այս պահին ՀԱՊԿ երկրները նաև աշխատանքներ են տանում Ղրղզստանի տարածքում «Անխախտ եղբայրություն» կազմակերպության զորավարժություններին դիտորդների հրավերների համաձայնեցման ուղղությամբ։
#Դետքի_հետագծով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում ընդգրկված է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Վերջին տարիներին ՀԱՊԿ-ը և Իրանը խորացնում են ռազմական ու ռազմատեխնիկական փոխգործակցությունը, և այս հրավերը նույնպես անհրաժեշտ է դիտարկել տվյալ համատեքստում։
Ավելացնել նոր մեկնաբանություն