Ադրբեջանը հայտնում է օկուպացված Ակնայի շրջանում հզոր պայթուցիկ սարքերի հայտնաբերման մասին
Ադրբեջանն Արցախի օկուպացված Ակնայի (Աղդամ - խմբ.) շրջանի տարածքում հայկական ուժերի կողմից տեղադրված բարձր հզորության ինքնաշեն պայթուցիկ սարքեր է հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պետական ականազերծման գործակալությունը։
Հայտարարության համաձայն՝ Ակնայի տարածքում հայտնաբերվել են 240 մմ տրամաչափի «9M24F» մեկ տուրբոռեակտիվ հրթիռ և ավելի քան 30 հատ 120 մմ տրամաչափի ականանետներ։ Հայտնաբերված սարքերը միացված են եղել իրար ու տեղադրված ճանապարհի եզրին՝ հողե թմբերի ներսում։
Հաղորդվում է, որ 120 մմ յուրաքանչյուր ականանետային պարկուճ պարունակում է ավելի քան 3 կգ պայթուցիկ։
Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ Ակնայի շրջանի տարածքում նման արկերը տեղադրվել են մարդկանց և տեխնիկայի զանգվածային ոչնչացման համար։
Գործակալությունը հավելում է, որ Արցախի օկուպացված տարածքներում շարունակվում են ականազերծման աշխատանքները։ «Նմանատիպ իրավիճակները, որոնց մենք բախվել ենք վնասազերծման գործողությունների ընթացքում՝ հատուկ ձևի պայթուցիկ սարքեր, պայթուցիկ թակարդներ, վկայում են ահաբեկչության մասին, որը թշնամու կողմից ուղղված է խաղաղ բնակչության դեմ՝ մահացու պայթյուն կազմակերպելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ակնայի շրջանը հայկական ուժերի կողմից ազատագրվել էր 1993 թվականի հուլիսին, և Ադրբեջանին չէր հաջողվել այն գրավել անգամ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն նույն թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ շրջանը հանձնվեց Ադրբեջանին։
Ավելացնել նոր մեկնաբանություն