Ղրիմի թաթար-թյուրքը նշանակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ազգությամբ թաթար-թյուրք Ռուստամ Ումերովին պաշտպանության նախարար նշանակելու որոշման մասին։
«Ես որոշում եմ կայացրել փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ես կարծում եմ, որ նախարարությանը պետք են նոր մոտեցումներ և փոխգործակցության նոր ձևեր ինչպես բանակի, այնպես էլ հասարակության հետ։ Այժմ նախարարության ղեկավար պետք է դառնա Ռուստամ Ումերովը»,- հայտնել է Զելենսկին։
Արդեն նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից:
Թուրքական մամուլն ակտիվորեն լուսաբանում է նորանշանակ նախարարի կենսագրությունը։
Ռուստամ Ումերովը ծնվել է 1982 թվականին, սուննի մահմեդական է, հայրանունը՝ Էնվեր։ Ումերովը Ուկրաինայի պատմության մեջ Ղրիմի առաջին թաթարն է, որը զբաղեցրել է նախարարական պաշտոն։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում ազգությամբ թաթար-թյուրքի նշանակումը փաստում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում Թուրքիայի բացահայտ աջակցության և դերի մասին՝ հօգուտ ուկրաինական կողմի։
Հիշեցնենք՝ այսօր Սոչիում սպասվում է Պուտին-Էրդողան հանդիպումը։
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն