
Էսկալացիայի ռիսկը առկա է․ պետք է քայլեր անենք, որ բանը մեծ գործողությունների չհասնի. ՊՆ փոխնախարար
Կուտակումների մասին տեղեկությունը հայտնել է նաև ՊՆ-ն, և ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը․ մենք ամեն ինչ հրապարակում ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն արձագանքել է. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետանային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ՝ մեր տեղեկատվությանը հետևեք։ Մենք պարբերաբար որոշակի սրացումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք:
ՊՆ-ն իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք՝ որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիայի և, առհասարակ, ռազմական մեծ գործողությունների չհասնի»:
Ավելացնել նոր մեկնաբանություն