Submitted by M. Gasparyan on
բ

Ռուսաստանը կվերլուծի ՀԱՊԿ-ի զորավարժություններն ընդունելու Հայաստանի մերժումը

Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ արևմտյան մամուլում կան հրապարակումներ, որտեղ ասվում է, որ Հայաստանը ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն Երևանի կողմից մինչ այժմ գործնական քայլեր չեն ձեռնարկվել, հայտնում է «yenisafak.com»-ը:

Կրեմլի խոսնակը երկուշաբթի ասել է, որ Մոսկվան խորապես կվերլուծի, թե ինչու Հայաստանը հրաժարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններն ընդունելուց և փոխարենը թույլ տվեց ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել։

«Մեզ համար սրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ, շատ խոր վերլուծություն, որպեսզի հասկանանք, թե ինչու է Հայաստանը նման որոշումներ կայացրել, ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Պեսկովը լրագրողներին 2023 թվականին Վլադիվոստոկում կայացած արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։

Խոսնակը շեշտել է, որ չնայած այս քայլին՝ Ռուսաստանը մնում է Հայաստանի գործընկերն ու դաշնակիցը, և հարաբերություններում որոշ խնդիրներ պետք է լուծվեն երկխոսության միջոցով, «քանի որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են դաշինքի ու գործընկերության խորացման անհրաժեշտություն»։

Երկուշաբթի Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20-ը։

Հարցին, թե Ռուսաստանը կպաշտպանի՞ Հայաստանին, եթե այն հարձակման ենթարկվի, Պեսկովն ասել է, որ Մոսկվան համապատասխան պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի շրջանակում դա անելու համար:

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, գիտեք, մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակում, դուք նաև տեղյակ եք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, այնտեղ իրավիճակը փոքր-ինչ փոխվեց, ուստի սա նույնպես պետք է հաշվի առնել. դա Երևանի որոշումն էր»,- ասել է Պեսկովը՝ նկատի ունենալով Արցախի տարածաշրջանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն