Սպասում էինք նման սրացում. Արցախը միայնակ կարո՞ղ է դիմակայել Ադրբեջանի հարձակմանը
Արդեն մեկ ամսից ավելի է` սպասում էինք նման սրացում` դատելով թե' Ադրբեջանի հայտարարություններից, թե' իրենց գործողություններից: Այս մասին «Դետք»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակմանն Արցախի վրա: Նա նշում է, որ Արցախի` ամիսներ տևող պաշարումը թուլացնող նշանակություն ուներ:
«Պաշարումը նախևառաջ Արցախը թուլացնելու համար էր, եթե խնդիր լիներ պաշարմամբ Արցախը հայաթափելու, երևի թե ճանապարհը միակողմանի բաց կպահեին, ոչ թե մարդկանց կառևանգեին ճանապարհից»,- ասաց Վրթանեսյանը:
Նման պայմաններում Արցախը միայնակ կարո՞ղ է արդյոք դիմակայել այս հարձակմանը: Հարցին ռազմական փորձագետը դժվարանում է պատասխանել: Նա նշում է, որ լայնամասշտաբ հարձակումը քաղաքական մեթոդներով Մոսկվան կարող է կանգնեցնել:
«Այսինքն` եթե կանգնեցնելու հարց է, դա պետք է արվի մայրաքաղաքների կողմից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, փորձագետի դիտարկմամբ` նրանք, ամենայն հավանականությամբ, իրենք իրենց են պաշտպանելու` ըստ իրենց պրոտոկոլի. «Բացի դրանից` իրենք չունեն էլ այնպիսի թվաքանակ, որ կարողանան լայնամասշտաբ հարձակմանը դիմակայել: Այս պահին Ադրբեջանը նույնիսկ հայտարարել է, որ Ռուսաստանին տեղեկացրել են իրենց այս հարձակման մասին»:
Ավելացնել նոր մեկնաբանություն