Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկում է արցախցի փախստականներին ընդունելու հնարավորությունը
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է սեպտեմբերի 19-ին ու 20-ին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Կիպրոսի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը։ Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի միակողմանի գործողություններն էթնիկ զտումների ակտեր են և պետք է արժանանան միջազգային հանրության համանման ու վճռական արձագանքին։
Նշվում է, որ Կիպրոսն աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ որպես սկզբունքներ։ Կիպրոսի ԱԳՆ-ն միևնույն ժամանակ Բաքվին կոչ է արել զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ռազմական գործողություններից՝ հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա։
«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այս առումով դիտարկվում է նաև անհրաժեշտության դեպքում մի շարք տեղահանված հայերի մեր երկրում տեղավորելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
#Դետքի_հետագծով
Կիպրոսը Հայաստանի Հանրապետության բարեկամ երկրներից մեկն է, որը մշտապես առարկայական գնահատական է տալիս Ադրբեջանի կողմից իրականացված գործողություններին։ Նման գնահատականները կարևոր են հատկապես Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից, սական այդ ուղղությամբ դեռևս որևէ քայլ Հայաստանը չի ձեռնարկում։
Ավելացնել նոր մեկնաբանություն