Տարածաշրջանում աշխարհագրական փոփոխությունները սպառնում են կայունությանը. իրանցի պաշտոնյա
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիանը հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է՝ Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» իրանական գործակալությունը։
Ահմադիանը շեշտել է, որ դա կարևոր է ոչ միայն խաղաղության, այլև անվտանգության տեսանկյունից։ Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել է՝ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կխախտի կայունությունը և կխորացնի ճգնաժամերը։ Ահմադիանը վերահաստատել է հարևանների հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը խրախուսելու Իրանի քաղաքականությունը։
«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը ճանապարհ կհարթի կայուն անվտանգության, հավասարակշռված զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի բնակչության բարեկեցության և հարմարավետության համար»,- ասել է իրանցի պաշտոնյան: Նա նաև ասել է, որ իր երկիրը պատրաստ է առիթ ստեղծել տարածաշրջանի պետությունների միջև հանդիպումների համար:
Ա․ Գրիգորյանն իր հերթին ընդգծել է Իրանի արդյունավետ դերը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ խնդրելով Թեհրանին շարունակել իր դերակատարությունն այդ հարցում: Բարձր գնահատելով Հայաստանի և Իրանի միջև բազմադարյա հարաբերությունները՝ ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին՝ տարբեր ոլորտներում ընդլայնելու կապերը Թեհրանի հետ: Հայ պաշտոնյան կոչ է արել նաև անհապաղ ավարտել Իրանի հետ համատեղ տնտեսական, առևտրային և արդյունաբերական նախագծերը:
Աղբյուրը՝ «Սպուտնիկ Արմենիա»
Ավելացնել նոր մեկնաբանություն