Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսեսուս. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Ինձ համար պարզ է, որ Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսեսուս: Դրա մաս են ոչ միայն ՌԴ–ն, այլև հենց Արևմուտքը:
Այսօր ՄԱԿ–ի առաքելություն է մտել Լեռնային Ղարաբաղ, չէ՞ր կարող այդ առաքելությունը մեկ ամիս առաջ մտներ՝ դրանով իսկ բազմաթիվ մարդկային զոհեր ու աղետներ կանխելով, չէ՞ որ արդեն տևական ժամանակ է կոչեր էին անում, որ դրա կարիքը կա: Սպասել, որ ամբողջ բնակչությունը հեռանա, Ադրբեջանը մի քանի «մարդասիրական» բեմականացումներ անի ու հետո մտնել Արցախ:
Ցավալիորեն, այդ կոնսեսուսը նաև ձևավորվել է ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում վարած սխալ քաղաքականության հետևանքով: Դրա մասին արդեն երկու տարուց ավել է, ինչ խոսել ենք մի քանի փորձագետներով: Բայց մարդիկ գերադասում են հեքիաթներ բարի, փրկիչ Արևմուտքի ու չար Ռուսաստանի մասին՝ չհասկանալով, որ հույսդ նախ քո հետ պետք է կապես, երբ դու թույլ, անկարող ես, հավերժ խնդրողի ու խղճահարություն հայցողի դերում, քեզ միայն խղճահարություն էլ բաժին է հասնելու...
Հասկացեք Արևմուտքի համար կան բարի ու չար բռնապետեր, լավ ու վատ, Ալիևը «լավ» բռնապետ է, այս պահին հարմար է ու իր ձեռքը սեղմելու են, իր միջոցով ռուսական գազ են բերելու Եվրոպա ու ասեն դիվերսիֆիկացնում ենք: Իրեն չեն պատժելու նաև նրա համար, որ իր մեջքին կանգնած է Էրդողանը, իսկ Թուրքիան Արևմուտքի գլխավոր գործընկերն է այս տարածաշրջանում: Հասկացեք, որ մեր շահը մենք պետք է պաշտպանենք, մեր երկիրը մենք պետք է պահենք:
Ի վերջո, ինչպես Նժդեհն էր ասում.
«Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»։
Ավելացնել նոր մեկնաբանություն