Ադրբեջանական փորձագիտական դաշտը շտապում է Իրանը դարձնել «պատերազմական գոտի». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը, որով Բաքուն կոչ էր արել իր քաղաքացիներին չմեկնել Իրան, եթե չկա խիստ անհրաժեշտություն, իսկ այցելուներին՝ խիստ զգուշավոր լինել: Այս մասին Հայրապետյանը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։
Նա հայտնել է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն իր հարցազրույցներից մեկում նշել էր՝ Թեհրանում Բաքվի դեսպանատան տարհանման պատճառներից մեկն այն է, որ «դեսպանատան վրա հարձակման հաջորդ օրն ԻԻՀ տարածքում գործնականում ռազմական գործողություններ են ծավալվում»։
«Այնպես որ՝ ադրբեջանական դեսպանատան հետ միաժամանակ տարհանվել են ևս մի քանի դիվանագիտական ներկայացուցչություններ։ Եվ այս գործընթացը, ըստ ամենայնի, շարունակվելու է։ Շատ դեսպանատներ առայժմ մասնակիորեն Իրանից դուրս են բերում իրենց աշխատակիցներին, նրանց ընտանիքների անդամներին, կրճատում հաստիքները։ Այլ կերպ ասած՝ հիմա Իրանում տեղի է ունենում այն, ինչ մենք տեսանք Ուկրաինայում պատերազմի սկզբում։ Դա սովորական պրակտիկա է»,- հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:
Ադրբեջանագետը նկատում է, որ պաշտոնական մակարդակով սա չի ասվում, բայց ոչ պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանի արձագանքը և Թեհրանում դիվանագիտական գործունեության դադարեցումն իրականում ոչ այնքան առնչվում են դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի, որքան Իրանի դեմ ուղղված քայլերի հետ: «Թեև պաշտոնական Թեհրանը որևէ կերպ չի որակել Սպահանում տեղի ունեցածը «հարձակում» և ավելի չեզոք ձևակերպումներով է առաջնորդվում, բայց ադրբեջանական փորձագիտական դաշտը շտապում է Իրանը դարձնել «պատերազմական գոտի»»,- նկատում է Հայրապետյանը:
Նա հավելել է, որ նույն Զուլֆուգարովը նշել էր. «Ադրբեջանը Թուրքիայի ռազմական դաշնակիցն է, ուստի ադրբեջանա-թուրքական տանդեմի հնարավոր հակաիրանական գործողություններն ուղղակիորեն կախված են նրանից, թե Իրանի ներկայիս ղեկավարությունն ինչ ճանապարհ կընտրի մեր երկրի նկատմամբ...»:
«Կարող են ենթադրել, որ շանտաժի ոճով որոշակի քննարկումներ են ընթանում կուլիսների հետևում Իրանի հետ կապված զարգացումների համատեքստում»,- եզրափակել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն