Submitted by D.Guyumjyan on
detq

Թեհրանը հերքում է իր առչությունն Իսրայելում տեղի ունեցող զարգացումներին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում հայտնել են՝ իրանական կողմը կապ չունի Իսրայելի դեմ ներկա հարձակման հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանի մշտական ներկայացուցչությունը վստահեցրել է, որ Պաղեստինի դիմադրության ընդունած որոշումները լիովին ինքնուրույն են և համապատասխանում են պաղեստինցի ժողովրդի օրինական շահերին։

«Մենք աջակցում ենք Պաղեստինին, բայց չենք մասնակցում Պաղեստինի պատասխան գործողություններին, քանի որ դրանք ընդունվում են Պաղեստինի ղեկավարության կողմից»,- ասվել է հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ նշվել է, որ Իսրայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության մասին տեղեկությունները կարելի է դիտարկել որպես սիոնիստական իշխանությունների՝ իրենց անհաջողությունն արդարացնելու և այն Իրանի հետախուզական հնարավորություններին ու օպերատիվ ծրագրմանը վերագրելու փորձ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «The Wall Street Journal»-ը հրապարակել էր հոդված, որում նշվել էր, որ Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին ծրագրել հարձակումն Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ին և նրա առջև կանաչ լույս է վառել Բեյրութում հոկտեմբերի 2-ի հանդիպման ժամանակ։

#Դետքի_հետագծով

Վերջին օրերին կրկին սրվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, որն իրականում վերածվել է պրոքսի պատերազմի, և յուրաքանչյուր կողմ հետապնդում է սեփական շահերը։ Այս համատեքստում Իսրայելն Իրանին մեղադրում է իր նկատմամբ իրականացված հարձակմանը մասնակցելու մեջ, մինչդեռ Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները, քանի որ դրանք հնչեցվում են իրեն տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու համար։

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն