Իրանցի պաշտոնյան նշել է, որ Արցախն ավանդաբար պատկանել է Հայաստանին
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ Արցախն ավանդաբար պատկանել է Հայաստանին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Pars Today» լրատվական գործակալությունը։
Հեյդարին շեշտել է, որ Արցախը ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության տարածք է: Նրա խոսքով՝ Ադրբեջանը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և սիոնիստական ռեժիմի (Իսրայել - խմբ․) կարողությունները, Հայաստանի նկատմամբ ձեռք է բերել ռազմական գերակայություն։
«Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին, և այն, որ մարդիկ փախել են Հայաստանի տարածք, պայմանավորված է ադրբեջանական բանակի հարձակմամբ։ Դա չի նշանակում, որ Ղարաբաղի հայերը կորցրել են իրենց ինքնությունը։ Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակման պատճառով նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը, որը շրջափակման մեջ է չորս կողմից»,- ասել է նա:
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ արտատարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները և օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար։ Նա ասել է, որ Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել Արցախը, ուստի ավելի լավ է հայ-ադրբեջանական խնդիրները լուծել քաղաքական համաձայնագրերի և Իրանի նման երրորդ երկրի միջնորդությամբ:
#Դետքի_հետագծով
Պաշտոնապես իրանական կողմն աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը, ուստի այս շրջանակում Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Միևնույն ժամանակ Իրանում կան գործիչներ, որոնք չեն կիսում այս մոտեցումը և ընդունում են, որ Արցախն իրականում Հայաստանի անբաժանելի մասն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն