Լավրովը հայտնել է, որ Իրանը կներգրավվի թուրք-սիրիական բանակցություններում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը կներգրավվի Թուրքիայի և Սիրիայի միջև ընթացող բանակցություններում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա շեշտել է, որ Իրանի մասնակցությունը թուրք-սիրիական բանակցություններին տրամաբանական է, և այս հարցում սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես նշել էր, որ Իրանը կարող է մասնակցել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին, որոնց այժմ մասնակցում է նաև Ռուսաստանը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է Թուրքիայի շահագրգռվածությանը Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում և առաջիկայում կզարգացնի աշխատանքն այս ուղղությամբ։
«Բնականաբար, այժմ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել այդ աշխատանքներում Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավման վերաբերյալ, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան Աստանայի «եռյակի» անդամ են, որը զբաղվում է սիրիական հարցի կարգավորմամբ։ Ուստի միանգամայն տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա շփումներն ուղղորդվեն Ռուսաստանի և Իրանի կողմից»,- նշել է Լավրովը։
Վերջինս հավելել է, որ Իսլամական Հանրապետության մասնակցության ժամկետներն ու կոնկրետ ձևաչափերը դեռևս հստակեցված չեն։
Ավելացնել նոր մեկնաբանություն