Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանն ու Սուդանը համաձայնվել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սուդանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերություններն ու զարգացնել բարեկամական կապերը՝ հիմնված ինքնիշխանության, հավասարության և ընդհանուր շահերի փոխադարձ հարգանքի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին նշվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝  Իրանը և Սուդանը որոշել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումներից հետո։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սուդանի Հանրապետությունը որոշել են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները՝ երկու երկրների շահերը բավարարելու համար։ Կառավարությունները պայմանավորվել են զարգացնել բարեկամական հարաբերությունները միմյանց միջև՝ հիմնված ինքնիշխանության, իրավահավասարության և ընդհանուր շահերի փոխադարձ հարգանքի վրա»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

#Դետքի_հետագծով

2016 թվականի հունվարի 4-ին Սուդանի իշխանությունները հայտարարեցին Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ պնդելով, որ Իրանը միջամտում է տարածաշրջանի իրավիճակին և կրոնական ատելություն սերմանում։ Այս որոշման պատճառն այն էր, որ իրանցի ցուցարարների բազմությունը հարձակվել էր Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և Մաշհադում դրա հյուպատոսության վրա 2016 թվականի հունվարին՝ վրդովված Ռիադում շիա քարոզիչ Շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժից։ 

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնումից հետո ներկայումս ընթանում է Իրանի և մի շարք այլ երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը, որոնք համարվում են Սաուդյան Արաբիայի ազդեցության գոտի։

Ավելացնել նոր մեկնաբանություն