Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ռայիսին դատապարտում է Իսրայելի հանցագործությունների նկատմամբ տարբեր դերակատարների լռությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին դատապարտել է Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների հարցում միջազգային դերակատարների լռությունը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Իրանի կառավարության նիստի ժամանակ։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահը դժգոհել է հատկապես արևմտյան որոշ երկրների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշման կապակցությամբ։ «Նրանք, ովքեր լռություն են պահպանում Իսրայելի հանցագործությունների հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվեն և կանգնեն պատմության դատաստանի առջև»,- ասել է նա։

Իրանի նախագահը միևնույն ժամանակ վերահաստատել է Պաղեստինի ժողովրդի աջակցությանն ուղղված Իսլամական Հանրապետության հստակ քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանը մշտապես կանգնած է եղել Պաղեստինի կողքին և առաջիկայում նույնպես շարունակելու է աջակցել պաղեստինյան կողմին։ 

Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունները կհանգեցնեն կործանարար հետևանքների։ 

#Դետքի_հետագծով

Իսրայելն իսկապես վայրագություններ է իրականացնում Գազայի հատվածի խաղաղ բնակչության նկատմամբ՝ ձգտելով շրջանն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել։ Արևմտյան մի շարք երկրներ անտեսում են այս իրողությունը և իրենց շահերից ելնելով՝ աջակցում Իսրայելին, ինչն առաջացնում է Իրանի և բազմաթիվ իսլամադավան երկրների դժգոհությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն