Թեհրանը միջազգային կազմակերպություններին հորդորում է Գազայում կանխել ցեղասպանության շարունակումը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին հասցված հարվածից հետո հորդորել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ գումարել և Իսրայելին պարտադրել դադարեցնել իր վայրագությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Բաղերին միևնույն ժամանակ միջազգային կազմակերպություններին և հումանիտար հաստատություններին հորդորել է չլռել և կանխել ցեղասպանության շարունակումը։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ սիոնիստների վայրագությունների նկատմամբ լռությունը հավասարազոր կլինի համագործակցությանն իսրայելական վարչակարգի արյունահեղությանը։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հավելել է, որ իսլամադավան երկրների կառավարությունները պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը և միավորվեն, որպեսզի կանխվի սիոնիստների սանձազերծած ցեղասպանությունը։
#Դետքի_հետագծով
Իսրայելի իշխանությունները ձգտում են Գազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնել և շրջանն ամբողջովին վերցնել իրենց վերահսկողության ներքո։ Իրանական կողմն իր հերթին փորձում է դա թույլ չտալ, քանի որ տարածաշրջանում Իսրայելի դիրքերի ամրապնդումը չի բխում իր շահերից։
Ավելացնել նոր մեկնաբանություն