Submitted by D.Guyumjyan on
DETQ

Հարավային Կովկասում այժմ խաղաղություն հաստատելու ժամանակն է. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ այժմ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակն է։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և եկել է խաղաղության, համագործակցության ու տարածաշրջանում առաջընթացի ժամանակը։ Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը կարող է անկյունաքար դառնալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին»,- ասել է նա։

Աբդոլլահիանը նաև հույս է հայտնել, որ Վրաստանը նույնպես կմասնակցի այս ձևաչափի հաջորդ հանդիպումներին։ Նա այս համատեքստում շեշտել է ներտարածաշրջանային խաղացողների և հարևանների դերը՝ Հարավային Կովկասում առճակատմանը վերջ տալու համար։

Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով բոյկոտել է այս ձևաչափի աշխատանքները։ 

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը ձգտում է տարածաշրջանում մնայուն խաղաղություն հաստատել, որի նպատակով էլ նախաձեռնել է «3+3» ձևաչափի այս հանդիպումը։ Թեհրանը կարևորում է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն բացապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ, իսկ արտատարածաշրջանային դերակատարները որևէ պարագայում չներգրավվեն դրանցում։

Ավելացնել նոր մեկնաբանություն