Submitted by D.Guyumjyan on
DETQ

Լավրովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը համաձայնեցնելու համար ՌԴ-ն անհրաժեշտ ամեն ինչ ունի

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ այնպիսի շփումների, որոնք հայերն ու ադրբեջանցիներն օգտակար են համարում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Լավրովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ սահմանազատման հարցերը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ գտնվում է միայն Ռուսաստանի Դաշնության ձեռքում։

«Փորձագետները քաջ գիտակցում են, որ սահմանազատման հարցերը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են միայն Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում մեծ խնդիր սարքել դրանից: Եթե ցանկություն ունեն, թող իրենց «բախտը փորձեն» Բրյուսելում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք իրական օգնություն ցուցաբերել գործնական սահմանազատումը սկսելու հարցում»,- ասել է նա։
 
ՌԴ ԱԳ նախարարն ասել է նաև, որ «հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել էին ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու»։
 
«Ցավոք, հանձնաժողովը երկար ժամանակ չէր հավաքվել։ Վերջին մեկ տարվա ընթացքում եղել են ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանազատման գործընթաց ներթափանցելու փորձերը»,- ասել է նա։ 

#Դետքի_հետագծով

Ռուսական կողմը ձգտում է ամեն կերպ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման և սահմանազատման գործընթացն իրականացնել իր համակարգմամբ՝ թույլ չտալով այլ դերակատարների ներգրավումն այս հարցում։ Մոսկվան բազմիցս հայտնել է, որ պատրաստ է համակարգել այս գործընթացը, եթե  հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնվեն։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն