Իրանի գերագույն առաջնորդը ԱՄՆ-ին մեղադրել է Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործություններին մասնակցելու մեջ
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գազայի հատվածի ժողովրդի դեմ Իսրայելի իրականացրած հանցագործությունների մեղսակիցն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով արևմտյան առաջնորդների կողմից Իսրայել կատարած այցերին՝ Ալի Խամենեին համոզմունք է հայտնել, որ ռեպրեսիվ և չարագործ պետությունների ղեկավարների ներկայությունը գրավյալ տարածքներում ցույց է տալիս նրանց անհանգստությունը սիոնիստական ռեժիմի փլուզման հարցում։ Նա վստահություն է հայտնել, որ Պաղեստինը կհաղթի այս պատերազմում։
«Այս դեպքում Միացյալ Նահանգները հանցագործների բացահայտ մեղսակիցն է։ Այսինքն՝ ԱՄՆ-ի ձեռքերը մինչև ուսերը ներկված են ճնշվածների, երեխաների, կանանց և այլոց արյունով: Փաստորեն, ԱՄՆ-ն ինչ-որ կերպ կառավարում է Գազայի հատվածում կատարված հանցագործությունները»,- նշել է նա։
Ալի Խամենեին հայտնել է,որ նման այցերով և Իսրայելին մատակարարվող սպառազինությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները փորձում են փրկել սիոնիստական ռեժիմին։ Նա նշել է, որ իսրայելական կրկնվող հանցագործությունների մասշտաբներն ու խորությունը ցնցել են հանրության գիտակցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում։
«Եվրոպայում ազատության և մարդու իրավունքների ինքնահռչակ պաշտպաններն արգելել են պաղեստինամետ ցույցերը, սակայն մարդիկ դուրս են գալիս փողոց՝ հակադրվելով այդ արգելքներին։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել ժողովուրդների արձագանքը սիոնիստների դաժանությանը»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, աջակցում են Իսրայելի վարչակարգին, ինչն առաջացնում է իրանական կողմի դժգոհությունը։ Իրանը և մուսուլմանական աշխարհի ազդեցիկ դերակատարներն այս հակամարտությունում աջակցում են Պաղեստինին և ձգտում են որևէ դեպքում թույլ չտալ Գազայի հատվածում Իսրայելի վերահսկողության հաստատումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն