Բաքուն հայտնում է, որ Ադրբեջանի ռուսական համայնքը միացել է Բերձորի միջանցքի արգելափակման ակցիային
Ադրբեջանի ռուսական համայնքի և Ադրբեջանի ռուս երիտասարդների ասոցիացիայի անդամները միացել են ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից Բերձորի միջանցքն արգելափակելու ակցիային: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ռուսական համայնքի նախագահի առաջին տեղակալ Անաստասիա Լավրինան։
Վերջինս հայտնել է, որ ակցիայի առաջին օրերից սկսած՝ Ադրբեջանի ռուսական համայնքն աջակցել է Բերձորի միջանցքում ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների գործողություններին և օրինական պահանջներին»։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-ից սկսած՝ ադրբեջանցի «էկոակտիվիստները խաղաղ ցույց են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը»։
«Այսօր մենք անձամբ միացանք այս ակցիային՝ պահանջելով դադարեցնել հանքերի թալանը։ Սա մեր հողն է, Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք, և նրանք, ովքեր փորձում են դատապարտել մեր գործողությունները, թող իրենք իրենց հարց տան՝ թույլ կտա՞ն, որ իրենց հանքերն ապօրինի շահագործվեն, և շրջակա միջավայրն աղտոտվի։ Իհարկե ոչ»,- հայտարարել է Լավրինան:
Վերջինս հիշեցրել է, որ «էկոակտիվիստների ակցիան» շարունակվում է ավելի քան 50 օր, և այս ամբողջ ընթացքում «ճանապարհը բաց է մարդասիրական և մատակարարման բեռների, ինչպես նաև քաղաքացիական մեքենաների տեղաշարժի համար»:
Ավելացնել նոր մեկնաբանություն