Submitted by H.Minasyan on
«Շուշիի հռչակագիրը երկու երկրների միջև գործունեության ճանապարհային քարտեզ է բոլոր ուղղություններով». Ջեյհուն Բայրամով

«Շուշիի հռչակագիրը երկու երկրների միջև գործունեության ճանապարհային քարտեզ է բոլոր ուղղություններով». Ջեյհուն Բայրամով

Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի շրջանակում  թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է այսպես կոչված «Շուշիի հռչակագրին»։

Շնորհավորելով Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ՝ Բայրամովը նշել է, որ  ամսաթիվը շատ կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ թյուրքական աշխարհի համար։

Նա ասել է, որ Թուրքիան այսօր մի պետություն է, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս իր առաջնորդությունը տարբեր ուղղություններով, մեծացնում է իր ռազմավարական գործընկերների թիվը միջազգային մակարդակում և հաղթահարում բոլոր դժվարությունները՝ չնայած որոշ փուլերում ակնհայտ արտաքին սպառնալիքներին դիմակայելուն։

Բայրամովը կիսվել է «Շուշիի հռչակագրի» հիման վրա Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետներով` նշելով, որ Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։

Անդրադառնալով Հեյդար Ալիի՝ «Մեկ ազգ, երկու պետություն» և Աթաթուրքի՝ «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, նրա վիշտը մեր վիշտն է» խոսքերին` նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքական և բարոյական աջակցությունը միշտ Ադրբեջանի ուժն է։

Անդրադառնալով «Շուշիի հռչակագրի» կարևորությանը` Բայրամովը նշված փաստաթուղթը որակել է որպես երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործողությունների ճանապարհային քարտեզ։

Նա վստահություն է հայտնել, որ այդ հռչակագրի իրագործմամբ առկա հնարավորություններն էլ ավելի կընդլայնվեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն