Submitted by M. Gasparyan on
դ

Ռուս-ուկրաինական պատերազմ. այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

  1. Ուկրաինայի հարավային ուժերի խմբավորումների խոսնակ Ալեքսանդր Շտուպունն ասել է, որ ռուսական ուժերը, չնայած օրեցօր աճող կորուստներին, առաջ են ընթանում՝ գրավելու ուկրաինական Ավդիիվկա քաղաքը: Շտուպունն ազգային հեռուստատեսությամբ ասել է, որ ռուսական ուժերը հենվում են հետևակի վրա՝ թատերաբեմ հանելով 30-40-հոգանոց գրոհային փոքր խմբեր: Վերջին վեց օրվա ընթացքում Ռուսաստանի կորուստները կազմել են 2500 զոհ և վիրավոր, հավելել է նա։
  2. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայի արևելքում առաջնագծի մոտ գտնվող հրամանատարական կետ, քանի որ տարածաշրջանում մարտերը սաստկանում են։ Նախարարությունը հրապարակել է Շոյգուի այցի տեսանյութը և նշել, որ նա տեղեկացված է ձմռանը, երբ ջերմաստիճանը զրոյից շատ ցածր է լինելու, մարտական գործողությունների նախապատրաստման և անօդաչու թռչող սարքերի օպերատորների վերապատրաստման մասին:
  3. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակումն արևմտյան Խմելնիցկիի շրջանի վրա հավանաբար թիրախավորել է այդ տարածքի ատոմակայանը: Հարձակման հետևանքով ջարդվել են գործարանի պատուհանները, վիրավորվել է 20 մարդ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԿ-ի միջուկային կազմակերպությունը, նշել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման պայթյունները չեն ազդել կայանի գործունեության կամ ցանցին միանալու վրա:
  4. Ավելի վաղ Զելենսկին նախազգուշացրել էր, որ Ուկրաինան պատասխան հարված կհասցնի, եթե Մոսկվան օդային արշավ սկսի, որն ուղղված է լինելու ձմռանն ազգային էլեկտրացանցը խաթարելուն: Միլիոնավոր ուկրաինացիներ անցյալ տարի զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում էլեկտրաէներգիայի ահռելի անջատումների են բախվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվել է էլեկտրաէներգիայի կայանների վրա: «Մենք պատրաստվում ենք, որ ահաբեկիչները հարվածեն էներգետիկ ենթակառուցվածքին. Այս տարի մենք ոչ միայն կպաշտպանենք մեզ, այլև պատասխան հարված կհասցնենք»,- գրել է Զելենսկին «Տելեգրամում»։
  5. Ռուսաստանի զինուժը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ամերիկյան արտադրության երկու հեռահար ATACM հրթիռ, որոնք Ուկրաինայի կողմից արձակվել են ռուսական օբյեկտների ուղղությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Ավելացնել նոր մեկնաբանություն