Սպահանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումն անպատասխան չի մնա. իրանցի պատգամավոր
Իրանի խորհրդարանի պատգամավոր, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին հայտարարել է, որ Իրանը Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա իրականացված հարձակումն անպատասխան չի թողնի։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Կիրակի վաղ առավոտյան Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կանխել են անօդաչու թռչող սարքի հարձակումը Սպահանում ռազմական օբյեկտի վրա: Նախարարությունը հայտնել էր, որ արտադրամասի համալիրներից մեկը ենթարկվել է մի շարք միկրոօդային մեքենաների հարձակման, սակայն համալիրի հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ հետ է մղել հարձակումը:
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր թվիթերյան էջում ակնարկել էր, որ Սպահանում իրանական պաշտպանական օբյեկտի վրա վերջին հարձակումը կարող է իրականացված լինել Իրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության հետևանքով։ «Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- ասել է Մեշկինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի Պոդոլյակի հայտարարությանը։
Պատգամավորը հավելել է, որ Կիևն այժմ իրեն թույլ չի տալիս ավելի բացահայտ գործողություններ կատարել Իրանի դեմ, քանի որ գիտի, թե Թեհրանից ինչ արձագանք կստանա։ «Նրանք շատ են վախենում, քանի որ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում»,- ասել է Մեշկինին։
Նշենք, որ արևմտյան երկրները պարբերաբար հայտարարում են, որ Իրանը ռազմական անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին, մինչդեռ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նմանատիպ մեղադրանքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն