Submitted by D.Guyumjyan on
detq

Պաշտոնական Թեհրանի զգուշացումը․ Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը և խախտել միջազգային բոլոր օրենքներն ու կանոնները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Քանաանին ընդգծել է, որ Գազայի բնակչությանը հումանիտար օգնության առաքումը լրջորեն անհանգստացնում է Իրանին ներկայիս ճգնաժամի սկզբից։ Նրա խոսքով՝ Իրանն ընդգծում է Իսրայելի ռազմական գրոհների դադարեցման անհրաժեշտությունը՝ որպես առաջնահերթ խնդիր, և պահանջում է բացել «Ռաֆահ» անցակետը միջազգային հումանիտար օգնության առաքման համար։

«Սիոնիստական վարչակարգը մերժել է միջազգային հանրության խնդրանքը «Ռաֆահ» անցակետը բացելու մասին։ Մեր պաշտոնատար անձինք շփման մեջ են Եգիպտոսի պաշտոնատար անձանց հետ, և Իրանը պատրաստ է այդ օգնությունն ուղարկել Եգիպտոսով, հենց որ դա հնարավոր լինի»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը շուտով կլինի Պաղեստինի հաղթանակի վկան։

#Դետքի_հետագծով

Իսրայելի իշխանությունները նպատակ ունեն Գազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնելու և շրջանն ամբողջովին իրենց վերահսկողության տակ վերցնելու։ Սա բնականաբար չի բխում Թեհրանի շահերից, քանի որ դա շրջանի համար անկանխատեսելի հետևանքների կհանգեցնի, ուստի իրանական կողմը ձգտում է կանխել այս զարգացումը։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն