Իրանի ԱԳ նախարարը Պաղեստինում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով կայցելի Կատար և Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կայցելի Կատար և Թուրքիա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաքրիի հայտարարությանը։
Հաղորդվում է, որ Աբդոլլահիանը Կատարի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
«Նախատեսվում է, որ Կատար կատարած այցից անմիջապես հետո Աբդոլլահիանը կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի այդ երկրի պաշտոնյաների հետ և կքննարկի իրավիճակը Պաղեստինում»,- ասել է Ալի Բաքրին։
Աբդոլլահիանի այցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգային տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը Պաղեստինի հարցի շուրջ փորձում է իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել, որի առանցքը պետք է կազմեն Իրանը, Թուրքիան և Կատարը։ Այս նախաձեռնությունը թեև իրատեսական է, սակայն կան նաև որոշ ռիսկեր, քանի որ ի տարբերություն Իրանի՝ Թուրքիան և Կատարը որոշակի հարաբերություններ ունեն նաև Իսրայելի հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն