Submitted by D.Guyumjyan on
դետք

Եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի, վճռական պատասխան կտա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրվանին հայտարարել է՝ եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի, ապա կոշտ կպատասխանի: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրվանին ելույթ է ունեցել Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրավիճակի քննարկման թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում անդրադարձել է Իսրայելին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարժվում է Իսրայելի քաղաքականությանը համընթաց, փորձում է սրել լարվածությունը, ինչի համար վճարում է Պաղեստինի ժողովուրդը:  

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ անվերապահորեն աջակցելով օկուպացիային և ագրեսիային՝ ԱՄՆ-ն դարձել է Գազայի հատվածի ներկայիս իրավիճակի մի մասնիկը: 

Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի գլխավոր նպատակը տարածաշրջանում լարվածության սրումը կանխելն է, որի համար Թեհրանը պահանջում է անհապաղ վերջ տալ Իսրայելի ռազմական ագրեսիային, հրադադար հաստատել և լուծել  Գազայի ժողովրդի համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքի հարցը: 

«Եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի, ենթարկվի հարձակման կամ ագրեսիայի, որը կսպառնա երկրի անվտանգությանը, ազգային շահերին կամ ժողովրդին, չի վարանի օգտագործել միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքները՝ վճռական պատասխան տալու համար»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Ներկայումս մի շարք դերակատարներ ձգտում են Իրանին ներգրավել Իսրայել-ՀԱՄԱՍ զինված հակամարտության մեջ, որպեսզի հնարավորություն ստանան հարվածելու Իսլամական Հանրապետության տարածքին։ Թեհրանը փորձում է ամեն կերպ կանխել այս զարգացումը, սակայն միևնույն ժամանակ նշում, որ իրական սպառնալիքի դեպքում պատրաստ է հստակ և կոշտ քայլեր ձեռնարկել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն