Հասցեական ուղերձներ Թեհրանից՝ ուղղված Բաքվին և Անկարային
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան կանգնեցնելու, միասնաբար համակարգված կերպով գործելու, համամուսուլմանական ճակատ ձևավորելու նպատակով նախօրեին Իրանի կողմից երկու կարևոր ուղերձներ են հնչել, որոնք հստակ հասցեատերեր ունեն՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի։
Մասնավորապես, Իրանի հոգևոր առաջնորդն ու ԱԳ նախարարը կոչ են արել՝ «արգելափակելու սիոնիստական ռեժիմին նավթի և նավթամթեքի մատակարարումները»։
Ընդամենը հարկ է հիշեցնել, որ Իսրայելի նավթի առանցքային հովանավորն Ադրբեջանն է, իսկ մատակարարման առանցքային տարանցիկ երկիրը՝ Թուրքիան։
Իսրայելապաղեստինյան հակամարտության ընթացիկ շրջափուլի վերջին օրերին Իրանի, պաղեստինյան որոշ դերակատարների կողմից ակնհայտորեն փորձ է արվում բյուրեղացնել Թուրքիային և Ադրբեջանին ձևական՝ հռետորաբանության հարթությունից առարկայական քայլերի մղելու ուղեգիծը։ Չնայած, որ, դրա հաջողելու հավանականությունը խիստ կասկածելի է։
Բայց այն, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունն ավելի է մեծացրել նաև Իրան-Թուրքիա մրցակցությունը միանշանակ է։ Եվ, ի տարբերություն Իրանի մտահոգ և նպատակային ակտիվությանը, Թուրքիան առայժմ սահմանափակվում է զուտ քաղաքական հռետորաբանությամբ, դիվանագիտական մանևրներով և քարոզչությամբ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն