Թուրքիան պետք է շարունակի աջակցությունն Ադրբեջանին․ Էրդողան
Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։
«Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորություններն Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Էրդողանը՝ շեշտելով նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացման կարևորությունը։
Նա նշել է, որ տրանսպորտային այդ ուղու բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը և Թուրքիային կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ։
Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ որպես թյուրքական աշխարհի մի մաս՝ Թուրքիան պետք է շարունակի աջակցությունն Ադրբեջանին։
«Ադրբեջանը Հայրենական պատերազմի արդյունքում ամբողջությամբ վերջ դրեց Ղարաբաղի 30-ամյա օկուպացիային։ Մենք շատ հպարտ ենք այս պատմական հաջողությամբ,- ասել է Էրդողանը, ապա շեշտել,- այսպիսով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ևս մեկ քայլ է արվել»։
Անդրադառնալով Գազայի պատերազմին՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Գազայում մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են կատարվում ուղիղ 28 օր։
«Չկա մի հասկացություն, որը կարող է բնութագրել կամ արդարացնել այն դաժանությունը, որի ականատեսն ենք եղել հոկտեմբերի 7-ից հետո: Տարածաշրջանում մշտական խաղաղությունը հնարավոր է միայն 1967 թվականի սահմաններում աշխարհագրորեն ինտեգրված և անկախ Պաղեստին պետության ստեղծմամբ, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է»,- ասել է Էրդողանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն