
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ իբրև ադրբեջանցիները շուտով կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր հայտարարել է, որ իբրև ադրբեջանցիները շուտով կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան», իսկ այդպես կոչում են մեր երկիրը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
«Իրենք փորձում են դա կապել Արցախ հայերի վերադարձի հարցի հետ։ Բայց նախ, իրենք մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան», դրանով իսկ տարածքային հավակնություններ ներկայացնելով ՀՀ-ի նկատմամբ, երկրորդ, եթե խոսվում է փախստականների վերադարձի մասին, ապա պետք է խոսքի Բաքվից, Գանձակից, Սումգայիթից, Խանլարից, Դաշքեսանից և Ադրբեջանի ԽՍՀ-ի այլ հատվածներից հեռացած ավելի քան կես միլիոն հայերի վերադարձի մասին։
Երրորդ, Արցախի թեման այլ է, այդտեղ հազարամյակներով հայեր են ապրել, դա մեծամասամբ հայերով բնակեցված տարածք է, իսկ հայերը հեռացել են, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է ռասիզմ հայի դեմ, քանի որ հայն այդ երկրի կազմում՝ առանց միջազգային ու անվտանգային ուժեղ պաշտպանության ապրելու որևէ հնարավորություն չունի։ Սրանք հարցեր են, որոնք ՀՀ-ի կողմից պատշաճ չեն բարձրացվում, դրա համար էլ ադրբեջացիները ինչ խելքներին փչում է, խոսում են, քանի որ գիտեն պատասխան չեն ստանալու»,- գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն