Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի պաշտպանության նախարարը սպառնում է ԱՄՆ-ին լուրջ հարված հասցնել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին սպառնացել է ԱՄՆ-ին լուրջ հարված հասցնել, եթե Վաշինգտոնը չդադարեցնի պատերազմը և հրադադար չհաստատի Գազայի հատվածում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Մեր խորհուրդն է ամերիկացիներին՝ անհապաղ դադարեցնել պատերազմն Իսրայելի և Պաղեստինի միջև, ինչպես նաև ապահովել հրադադարը, այլապես Միացյալ Նահանգները լուրջ հարված կստանա»,- ասել է նա։

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինի ճնշված ժողովրդի պայքարին։ Նրա խոսքով՝ պաղեստինցիները պայքարում են իրենց ազատության համար, որն ավարտվելու է հաղթանակով։ 

Մոհամմադ Ռեզա Աշտիանին հավելել է, որ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ.) կործանումն անխուսափելի է։

#Դետքի_հետագծով

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել են, որ դեմ են Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Սա ստիպում է Իրանին և իսլամադավան մյուս երկրներին որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի Գազայի հատվածը չանցնի Իսրայելի ամբողջական վերահսկողության տակ։

Ավելացնել նոր մեկնաբանություն