Submitted by D.Guyumjyan on
detq

Ուկրաինան չպետք է պարտվի այս պատերազմում․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է՝ չի կարելի թույլ տալ, որ որևէ պարագայում Ուկրաինան պարտվի այս պատերազմում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Բերբոքը շեշտել է, որ Կիևին աջակցության դադարեցումը կհանգեցնի «սարսափելի հետևանքների Ուկրաինայի և Եվրոպայի համար»: Նրա խոսքով՝  անհրաժեշտ է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային, անգամ եթե դա շատ դժվարություններ է ստեղծում արևմտյան երկրների համար։

«Ուկրաինան չպետք է պարտվի այդ հակամարտությունում»,- շեշտել է նա։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային։ Նա հավելել է, որ եթե Ռուսաստանին հաջողվի հաղթել պատերազմում, ապա այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել։

#Դետքի_հետագծով

Վերջին շրջանում, իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ պայմանավորված, արևմտյան երկրները նվազեցրել են Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալները։ Սա մի շարք երկրների շրջանում մտահոգություն է առաջացրել, քանի որ եթե աջակցության տրամադրումը շարունակի նվազել, ապա ռուսական կողմին կհաջողվի շոշափելի հաջողություններ արձանագրել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն