Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել ևս մեկ տարով երկարաձգել Իրանի դեմ արտակարգ դրության ռեժիմը, որը նախատեսում է միակողմանի պատժամիջոցներ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
«Ալժիրի հետ մեր հարաբերությունները դեռ կարգավորված չեն, իսկ Իրանի հետ 1981 թ․ հունվարի 19-ի համաձայնությունների իրականացման գործընթացը շարունակվում է»,- նշել է Բայդենը։
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի գործողությունները պայմանավորված են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության՝ Իրանում իրավիճակի հետ կապված արտաքին կարգի սպառնալիքների» դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։
Խոսքն ԱՄՆ-ի և Իրանի միջև Ալժիրյան համաձայնագրերի մասին է։ Դրանք հանգեցրին ամերիկացի դիվանագետների ազատմանը, որոնք ավելի քան մեկ տարի որպես պատանդ էին պահվում Թեհրանում 1979 թվականի հեղափոխությունից հետո: Այդ փաստաթղթերում որպես նախապայման դրված է երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։
«Այդ պատճառով 1979 թ․ նոյեմբերի 14-ին հայտարարված ազգային արտակարգ դրության ռեժիմը և այդ օրն ընդունված, դրա հետ առնչվող միջոցառումները պետք է շարունակեն ուժի մեջ մնալ նաև 2023 թվականի նոյեմբերի 14-ից հետ: Հետևաբար ես Իրանի նկատմամբ ազգային արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկարաձգում եմ մեկ տարով»,- նշել է Բայդենը։
#Դետքի_հետագծով
Իրանում 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն լայնածավալ պատժամիջոցներ սահմանեց այդ երկրի դեմ, որոնց զգալի մասը պահպանվում է առ այսօր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն պատժամիջոցներով ձգտում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ՝ վերջինիցս զիջումներ կորզելու նպատակով, սակայն կարող ենք փաստել, որ այս քաղաքականությունը ձախողվել է։
Ավելացնել նոր մեկնաբանություն