Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել
Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկ նշանակության ուժերն ու հատուկ գործողությունների ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
«2023 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը միջազգային համագործակցության ծրագրման շրջանակում զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի եռակողմ համատեղ պատրաստությանը, որն անցկացվել է Ատտիկայում՝ Նեա Պերամոս տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների ծրագրումն ու անցկացումը:
Համատեղ վարժանքները Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մաս են կազմում։
#Դետքի_հետագծով
Հայաստանը ռազմատեխնիկական բարձր մակարդակի հարաբերություններ ունի Հունաստանի և Կիպրոսի հետ, որի շրջանակում պարբերաբար այս երկրների հետ զորավարժություններ է անցկացնում։ Սա նախևառաջ անհանգստացնում է Թուրքիային, քանի որ Հունաստանը և Կիպրոսը վերջինիս մրցակից երկրներն են Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն