Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կարծում է՝ իսլամական երկրները պետք է գործնական միջոցներ ձեռնարկեն

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ իսլամադավան երկրները պետք է գործնական միջոցներ ձեռնարկեն՝ Էր-Ռիադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ընդունված վերջնական հայտարարությունը կյանքի կոչելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Շամխանին շեշտել է, որ Էր-Ռիադի գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը պահանջում էր ակտիվ գործողություններ ձեռնարկել իսրայելական կեղծ ռեժիմի աճող հանցագործությունների դեմ, սակայն միայն դա բավարար չէ։ Նրա խոսքով՝ իսլամադավան երկրները պետք է արդյունավետ գործնական միջոցներ ձեռնարկեն, ինչպիսին է Իսրայելի հետ էներգետիկ, առևտրի, տարանցման և պաշտոնական կապերի խզումը։

Հիշեցնենք, որ Էր-Ռիադում նոյեմբերի 11-ին կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության համատեղ արտահերթ գագաթնաժողովը կոչ է արել Միջազգային քրեական դատարանին հետաքննել Պաղեստինի տարածքներում Իսրայելի իրականացրած պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները։

Գագաթնաժողովին մասնակցել են տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Բացի դրանից՝ Սաուդյան Արաբիան և մուսուլմանական մի քանի այլ երկրներ հորդորել են անհապաղ դադարեցնել Գազայի ցեղասպանությունը՝ մերժելով պաղեստինցիների դեմ իսրայելական վարչակարգի գործողություններն ինքնապաշտպանության իրավունքով արդարացնելու մոտեցումը։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է, որ իսլամադավան բոլոր երկրները միասնական դիրոքորոշում ցուցաբերեն Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների դեմ։ Հենց այս նպատակով էլ կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, որի նախաձեռնությունը պատկանում էր իրանական կողմին։

Ավելացնել նոր մեկնաբանություն