Submitted by D.Guyumjyan on
detq

Ռայիսին պնդել է՝ ԱՄՆ-ն կարևորագույն դեր է խաղում Իսրայելի ռեժիմի գոյատևման գործում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ ԱՄՆ-ն կարևոր դեր է խաղում Իսրայելի ռեժիմի գոյատևելու հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Ռայիսիի համոզմամբ՝ ԱՄՆ-ն գլխավոր կողմն է, որը զենք է մատակարարում Իսրայելի ռեժիմին՝ պաղեստինցի կանանց և երեխաներին սպանելու համար։

Իրանի նախագահը հայտնել է, որ Թեհրանը պաղեստինյան հիմնախնդրի վերաբերյալ ամուր դիրքորոշում ունի։ «Այս ուղևորության ընթացքում ես փորձեցի լինել իրանական ազգի և այն մարդկանց ձայնը, որոնք փողոցներում գոռում են պաղեստինցիների իրավունքների մասին»,- ասել է նա՝ անդրադառնալով Սաուդյան Արաբիա կատարած իր այցին։

Վերջինս հայտնել է, որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը հստակ տեսակետներ է պահպանել Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերաբերյալ՝ սիոնիստական ռեժիմը դիտելով որպես կեղծ ու բռնատիրական, առանց ինքնության։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի իշխանություններն օկուպացված Երուսաղեմ քաղաքի ազատագրումը և Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնումը համարում են մուսուլմանական աշխարհի գլխավոր առաջնահերթությունը։

Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է նաև Գազայի ճգնաժամից դուրս գալուն ուղղված 10 առաջարկներին ու լուծումներին, որոնք Իրանը ներկայացրել է գագաթնաժողովի շրջանակում։ Նա հավելել է, որ պաղեստինյան դիմադրությանն աջակցությունը Երուսաղեմի ազատագրմանը տանող միակ ճանապարհն է։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը խստորեն քննադատում է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող ռազմական աջակցությունը, որն այս երկրին թույլ է տալիս շարունակել ռազմական գործողությունները և չհամաձայնվել հրադադարի հաստատմանը։ Սրան ի պատասխան՝ Իրանը մեծացնում է Պաղեստինին ցուցաբերվող աջակցությունը և փորձում նրա շուրջը իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել՝ իրավիճակը հնարավորինս հակակշռելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն