Submitted by D.Guyumjyan on
detq

Ադրբեջանի փոխվարչապետը և Բաքվում Իրանի դեսպանը քննարկել են Ալիևի և Ռայիսիի պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում հանդիպում է ունեցել այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների առաջնորդներ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած հանդիպմանը Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել էին Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային միջանցքի կառուցման, Արաքսի հարավային ափով երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների համաձայնեցման հնարավորությունները։ Ադրբեջանի նախագահն այդ հանդիպմանն ասել էր նաև, թե «Հայաստանը մեծ սխալ է գործել՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից»»։ 

#Դետքի_հետագծով

Տևական լարվածությունից հետո Իրանը և Ադրբեջանը ներկայումս կարգավորում են երկկողմ հարաբերությունները և լուծում առկա տարաձայնությունները։ Այս նպատակով երկու երկրների պաշտոնյաները վերջին շրջաններում պարբերաբար հանդիպումներ են անցկացնում, որոնցից վերջինն Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր, որը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին։

Ավելացնել նոր մեկնաբանություն