Իրանի փոխարտգործնախարարը նշել է՝ Գազայի անհավասար պատերազմի վերջնական պարտվողն ԱՄՆ-ն է
Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Գազայում ընթացող անհավասար պատերազմի գլխավոր պարտվողն ԱՄՆ-ն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Իրանցի պաշտոնյան պնդել է, որ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների կիրառումը Պաղեստինի ժողովրդի ամենատարրական սպասելիքն է վերջինիս հետ համագործակցող հատկապես իսլամական երկրներից։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Պաղեստինի հարցն Իրանի արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից մեկն է։
«Անցած չորս տասնամյակների փորձն ապացուցել է, որ Պաղեստինի հարցում Իրանի ռազմավարական մոտեցումը բխում է ազգային շահերից, և այսօր տարածաշրջանային ու միջազգային դերակատարները բացահայտ և գաղտնի խոստովանել են Պաղեստինի ժողովրդի կողքին կանգնելու, օկուպանտներին ու ագրեսորներին դիմակայելու Իրանի մարտավարության և հեռատեսության արդյունավետությունը»,- նկատել է նա:
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ հոկտեմբերի 7-ի ճակատագրական հարվածը դեռ թույլ չի տվել, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի քաղաքականությունն ու քաղաքական համակարգերը վերադառնան իրենց բնականոն գործունեությանը, ուստի վերջիններս մտադիր են սպանել կանանց ու երեխաներին և ոչնչացնել Գազայի ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ վերջիններս կարծում են, որ նման կերպ կհատուցեն այս պատմական և ռազմավարական ձախողումը։
#Դետքի_հետագծով
Իսրայելը կարողանում է շարունակել Գազայի հատվածի նկատմամբ իրականացվող ագրեսիան հիմնականում ԱՄՆ-ի տրամադրած ռազմական աջակցության շնորհիվ։ Սա բնականաբար անհանգստացում է Իրանին, որն այս հակամարտությունում աջակցում է պաղեստինյան կողմին։
Ավելացնել նոր մեկնաբանություն