Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է առաջադրել Ռաշիդ Բեգլարյանին
Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել օգոստոսի 1-ին Արցախի Աղավնո գյուղի տարածքից առևանգված 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։ APA գործակալությունը, վկայակոչելով երկրի պետական անվտանգության ծառայությունը, նշում է, թե Բեգլարյանն ասել է, որ իբր «Խոջալուից Աղդամ գնացող 200 խաղաղ բնակիչ սպանվել և թաղվել է Ասկերանի բերդի շրջակայքում»։
Ինչպես հայտնում է «Report»-ը, վկայակոչելով Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը, Բեգլարյանը մեղադրվում է Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար։
Ըստ ծառայության՝ «1992 թվականի փետրվարի 26-ին զինված կազմավորումները, որոնց թվում էր նաև Բեգլարյանը, ադրբեջանցիների զանգվածային բնաջնջման նպատակով դարանակալել են Ասկերանի բերդի մոտ և ավտոմատներով կրակել Աղդամի շրջանի ուղղությամբ շարժվող գրեթե 200 խաղաղ բնակիչների վրա, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր էին»։
Ավելացնել նոր մեկնաբանություն