Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանա-ադրբեջանական սահմանին նոր կամուրջը շահագործման կհանձնվի մեկ ամսում

Աստարայի քաղաքապետ Մոհամեդռեզա Շահաբզադեն հայտարարել է, որ իրանա-ադրբեջանական սահմանին նոր կամուրջը շահագործման կհանձնվի մեկ ամսվա ընթացքում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Պաշտոնյան հայտնել է, որ նոր կամրջի շահագործումը կնպաստի խցանումների վերացմանը։

«Նոր կամուրջը և տարանցիկ երթուղին, որն Իրանը կկապի Ադրբեջանի հետ Աստարայով, շահագործման կհանձնվեն  մեկ ամսվա ընթացքում։ Դրա շահագործումից հետո բոլոր բեռնատարները, որոնց պատճառով խցանումներ են առաջանում, կանցնեն դրանով, և մենք այլևս խցանումներ չենք տեսնի»,- նշել է նա։ 

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերին Արցախի Հանրապետության օկուպացված Կովսականի շրջանի Աղբենդ գյուղում տեղի էր ունեցել Արաքս գետի վրայով Արցախի օկուպացված տարածքներից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Կամրջի կառուցման պայմանավորվածությունը Թեհրանի և Բաքվի միջև ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի հուլիսին, սակայն երկկողմ հարաբերություններում առկա լարվածության պատճառով այն պարբերաբար հետաձգվում էր։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է, որ դեպի Նախիջևան հաղորդակցությունն իրականացվի իր տարածքով՝ Հայաստանի նկատմամբ վերջինիս դրսևորած հավակնությունները զսպելու նպատակով։ Ադրբեջանական կողմն իր հերթին այս նախագիծը ներկայացնում է որպես «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք՝ պնդելով, թե այդ ծրագրի տապալումից տուժում է բացառապես Հայաստանը։​​​​​

Ավելացնել նոր մեկնաբանություն