ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը կարծում է, որ Իսրայելը պարտություն կրեց սեփական սխալների պատճառով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է՝ Իսրայելը պարտություն կրեց պաղեստինյան ժողովրդի դիմադրության, ինչպես նաև սեփական սխալների պատճառով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Սիոնիստները ձգտում են հաղթանակ ձևացնել՝ թիրախավորելով երեխաներին ու նորածիններին և ռմբակոծելով Գազայի հատվածում ճնշված պաղեստինցի ժողովրդին: Թշնամին ջախջախվեց անմեղ պաղեստինցի ժողովրդի դիմադրության և սեփական սխալների շնորհիվ»,- ասել է նա։
Սալամին նշել է, որ Իսրայելն ընդլայնել է իր գործողությունները Գազայի հատվածում և ենթարկվել մուսուլման գրոհայինների հարձակմանը։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում ամեն օր ոչնչացվում են առնվազն 15 տանկ և մի քանի զրահափոխադրիչ։
Իրանցի հրամանատարը պնդել է՝ պաղեստինյան դիմադրության խմբերի շարունակվող ռազմական գործողությունն Իսրայելի դեմ, որը ստացել է «Ալ-Աքսա փոթորիկ» անվանումը, խաթարել է ԱՄՆ-ի դիրքերն աշխարհում։ Ըստ նրա` Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները բացահայտեցին «արևմտյան կառավարությունների և սիոնիստների դեմ մուսուլմանների դեմ» վարած «թաքնված» քաղաքականությունը։
Հոսեյն Սալամին նաև քննադատել է ամերիկացիներին մուսուլմանական երկրների միջև լուրջ հակամարտություններ հրահրելու և Գազայի հատվածի շրջափակման, ինչպես նաև հրադադարի հաստատումը կանխելու համար։
#Դետքի_հետագծով
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածի նկատմամբ իրականացվող ցամաքային գործողությունը, թեպետ զգալի կորուստներ է կրում դրանից։ Չնայած սրան` իրանական կողմը պնդում է, որ Իսրայելն արդեն իսկ պարտվել է, իսկ Պաղեստինի ժողովրդի հաղթանակն անխուսափելի է։
Ավելացնել նոր մեկնաբանություն